BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Վանաձորի քաղաքապետ ընտրում է Երևանը

Վանաձորի քաղաքապետ ընտրում է Երևանը
08.10.2016 | 10:56

Ի՞նչ է կատարվում Վանաձորի շուրջ: Ընդունեք, որ բուն Վանաձորն իր խնդիրներով մի կողմ դրած՝ հոկտեմբերի երկուսի ընտրություններից հետո առաջին պլան է մղվել՝ ով կդառնա քաղաքապետ հարցը, այսինքն՝ ոչ թե Վանաձորում, այլ՝ Վանաձորի շուրջ են իրադարձությունները ծավալվում՝ փաստացի Վանաձորի քաղաքապետն ընտրվում է Երևանում: Ընտրություններին մասնակցած համարյա բոլոր կուսակցություններն իրենց հայտարարություններն արել են, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն իրենց թերահավատությունն են արտահայտել: Դատելով ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՎԿ-ի հայտարարություններից՝ հնարավոր է, որ Վանաձորում ձևավորվի դաշինք և քաղաքապետ ընտրվի ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը:


ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ Վանաձորում ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած երեք ընդդիմադիր կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի», «Հայկական վերածննդի» և «Բարգավաճ Հայաստանի» ավագանու անդամները Վանաձորի զարգացման և ընդդիմադիր քաղաքապետ ունենալու նպատակով համաձայնագիր կստորագրեն։


ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ողջունել է ընդդիմադիրների հնարավոր հաղթանակը Վանաձորում։ «Ես դրական եմ համարում, որ հանրապետության երրորդ քաղաքում ընդդիմադիրները հաղթեն։ Ես դրական եմ համարում, որ խաղաքարտերը ընդդիմադիրների օգտին են և ավելի ուրախ կլինեմ, որ համաձայնության հասնեն, որի մասին այսօր խոսվում է։ Բայց ես, դառը փորձ ունենալով, չէի շտապի»,- ասել է նա ԱԺ ճեպազրույցների ժամանակ և ընդգծել, որ ընդդիմության հաղթանակն արձանագրելու համար դեռ անհրաժեշտ է բացել արկղերը և հաշվել քվեները. «Ես ուրախ կլինեմ, եթե արկղերը բացվեն ու այնտեղ 18 ձայն հայտնվի։ Ես կողջունեմ դա։ Սա ես լավ նախադեպ եմ համարում, բայց լավ կլինի, որ այդ նախադեպը ինտրիգներով և ներքին խնդիրների պատճառով չձախողվի»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս ողջունել Վանաձորում ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորումը. «Ես ողջունել եմ, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը կոնսենսուսի են կարողանում գալ, բայց նախկինում էլ եղել է, որ ընդհանուր հայտարարի են եկել, որը մի ամիս է տևել կամ ավելի կարճ։ Աստված ոչ անի, որ սա էլ այդքան կարճ տևի: Համաձայնության գալու դեպքում մեզանում քաղաքական ընդդիմադիր դաշտի կայացմանը սկիզբ կդրվի»: Ձևակերպումը, իհարկե, տարօրինակ է, բայց խոսուն: Փաստացի՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարում է, որ ընդդիմադիր դաշտը նոր միայն պիտի կայանա, այն էլ՝ մի քաղաքում լոկալ դաշինքի հաշվին:


Այսինքն՝ հրապարակային քաղաքական դաշտում ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանում կա ընդդիմություն, որն ի վիճակի է հաղթելու ընտրություններում, թեկուզ մեկ առանձին վերցրած քաղաքի, և ի վիճակի է հանուն այդ հաղթանակի միավորվել: Եթե առաջնորդվենք, որ քաղաքական դաշտում որոշիչը ոչ թե խոսքերը, այլ գործերն են, ուրեմն, ինչպես Արմեն Ռուստամյանն է ասում, պիտի սպասենք արկղերը բացելուն ու քվեները հաշվելուն և միայն 18 ձայն հաշվելուց հետո կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընդդիմադիր քաղաքապետ է ընտրվել: Բայց հրապարակայինից զատ, կա իրական դաշտը, որտեղ առաջանում են հարցեր: Օրինակ, որքանո՞վ է հնարավոր ընդդիմադիր համարել ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին։ Ինչո՞վ է արտահայտվում նրանց ընդդիմադիր լինելը՝ միայն իրենց հայտարարություններո՞վ: Առավել ևս, որ թե Նաիրա Զոհրաբյանը, թե Արթուր Բաղդասարյանը իրենց հայտարարությունների նախօրեին եղել են Բաղրամյան 26-ում ու իրավիճակը քննարկել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և այդ հանդիպումները չեն լուսաբանվել: Կամ՝ եթե անգամ ընդունենք, որ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը ընդդիմադիր են, երկու կուսակցություններն էլ խնդիրներ ունեն իրենց ներսում:


ՏԻՄ ընտրություններից բացի, քաղաքական դաշտի աղորիքներում աղացվող հաջորդ թեման Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձն է: Համենայն դեպս՝ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպում է ԲՀԿ շարքային Գագիկ Ծառուկյանի հետ ու այդ հանդիպումն էլ չի մեկնաբանվում՝ չի հաստատվում ու չի ժխտվում: Գագիկ Ծառուկյանի վերադարձը պետք է խորհրդարանական ընտրություններում ձայներ հավաքելու համար և կուսակցությունը պատրաստ է նրան գրկաբաց ընդունել՝ փողի տոպրակը ու խորհրդարանի դռները նորից բացելու համար: Իսկ Գագիկ Ծառուկյանի ինչի՞ն է պետք քաղաքական կրկեսի դռները նորից բացելը: Ո՞ր դաշտ է վերադառնալու ԲՀԿ-ն՝ իշխանակա՞ն, ընդդիմադի՞ր, այլընտրանքի՞: ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք նրա վերադարձը: Ընդդիմությա՞ն ձայները վերցնելու: Բայց կգտնվե՞ն ընտրողներ, որ հավատան նրա գլխավորած ուժի ու անձամբ նրա ընդդիմադիր լինելուն: Կգտնվեն, եթե փողը տա՞ն: ՕԵԿ-ն էլ պատրաստ է գործակցել բոլոր «ժողովրդական» մարդկանց հետ՝ միայն ձայն ստանա, նույնիսկ եթե նրանք քրեական հեղինակության համբավ ունեն, որ վերահաստատում են ընտրություններից հետո: Արկադի Փելեշյանին մարդիկ սիրում են՝ հայտարարում է Մհեր Շահգելդյանը, նա «մշտապես կանգնել է ամենաաղքատ խավը ներկայացնող մարդկանց կողքին, օգնել է իր հնարավորությունների շրջանակներում մանկապարտեզներին, ծերերին»: Թեպետ քրեական հեղինակությունների ներկայությամբ որևէ մեկին չես զարմացնի, բայց այդ դեպքում ո՞րն է ընդդիմադիր ՕԵԿ-ի ու իշխանություն ՀՀԿ-ի տարբերությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ծավալվում են հրապարակային ու կուլիսային գործընթացներ, որ ունեն մեկ նպատակակետ՝ խորհրդարանը: Այս ընթացքով՝ 2017-ի ապրիլին նորից կարող ենք ստանալ նշանակված, այլ ոչ թե ընտրված խորհրդարան, որտեղ, ինչպես գործող խորհրդարանում, իրականում տարբերություն չկա իշխանության և ընդդիմության միջև, որովհետև չկա ընդդիմություն, ինչը արձանագրել էր Վահրամ Բաղդասարանը, թեպետ այլ ենթատեքստում: Միայն այդ դեպքում է հնարավոր, որ Վանաձորը իր համար քաղաքապետ է ընտրում, որ ի վերջո նրա համար նշանակում է Երևանը:

Դիտվել է՝ 2187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ